Posted in Ուսումնական նախագիծ

Եռօրյա ճամփորդություն դեպի Ալավերդի

Ճամփորդություն Ալավերդի․ մարզական և հայրենագիտական բաղադրիչով նախագիծ

Ապրիլի 11-13-ը միջին դպրոցի սովորողների խմբով ուղևորվեցինք Լոռու մարզ՝ Ալավերդի քաղաք։ Մեր նախագիծը մարզական էր, սակայն մենք նաև կարևոր դիտարկում կատարեցինք՝ մեկ տարի առաջ Ալավերդիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները ուսումնասիրելով։ Քանի որ ճամփորդությունից ուղիղ մեկ տարի առաջ՝ ապրիլի նույն օրերին, նույնպես գտնվել էինք Ալավերդիում, մեզ համար կարևոր էր տեսնել՝ ինչպես է փոխվել քաղաքը տարերային աղետի մեկ տարում։

Ճամփորդության հիմնական նպատակն ու բաղադրիչը մարզական էր։ Մենք հյուրընկալվեցինք Ալավերդու Օլեգ Գորբունովի անվան մարզադպրոցում, որտեղ մարզական ընկերական հանդիպումներ ունեցանք մարզադպրոցի մարզիկների հետ՝ հանդբոլի և բասկետբոլի մարզաձևերից։ Այս հանդիպումները ոչ միայն մարզական փորձի փոխանակման հնարավորություն տվեցին, այլև նպաստեցին նոր կապերի հաստատմանը։ Զրուցեցինք մարզչական կոլեկտիվի հետ, ներկայացրինք մեր կրթահամալիրը, պատմեցինք մեր գործունեության մասին և նրանց հրավիրեցինք մեզ մոտ՝ հետագա համագործակցությունը խորացնելու նպատակով։

Ճամփորդության մի այլ կարևոր բաղադրիչը հայրենագիտականն էր։ Տպավորիչ այցելություններ ունեցանք Լոռու մարզի պատմամշակութային վայրեր։ Այցելեցինք Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող հրաշալի կառույցներ։ Անձամբ ինձ համար հատկապես ուրախալի էր Օձունի վանք այցելելը, քանի որ այնտեղ դեռ չէի եղել։ Դա իսկապես տպավորիչ և գեղեցիկ վայր է՝ յուրահատուկ ճարտարապետությամբ և պատմությամբ։

Ճամփորդությունն ուսանելի, բազմաբովանդակ և տպավորիչ էր թե՛ ուսանողների, թե՛ ուղեկցող ուսուցիչների համար։ Այսպիսի նախագծերը խթանում են ոչ միայն ֆիզիկական ակտիվությունը, այլև ճանաչողական ու հայրենասիրական գիտակցությունը։