30․09․25
Պ.Բեդիրյան, Բառերի խորհրդավոր աշխարհից
Մարդը կթում է…հավին
Մենք գիտենք, որ կիթ ն
անակում է «կթելը»։ Դրա համար էլ Հովհաննես Թումանյանը «Անուշ» պոեմում գրում է.
Ոչխարը բեր կիթ,
Օրը ճաշ դառավ…
Ուրեմն կովկիթ էլ նշանակում է «Կով կթելը» (նաև «կով կթող անձ»)։ Իսկ հավկի՞թ։ Նույն տրամաբանությամբ այս մեկն էլ «պիտի թարգմանենք» «հավ կթելը»։ Բայց չէ՞ որ դա անմտություն է։
Հիրավի, այդ բառն անիմաստ կազմություն կլիներ, եթե լեզվի պատմությունից մեզ հայտնի չլիներ, որ «կիթ» արմատը, նախքան «կթելը» իմաստն արտահայտելը, նշանակել է «առհասարակ (կենդանուց) արդյունք (կաթ, ձու, կարագ) քաղելը»։ Ուրեմն՝ հավկիթ նշանակում է «հավից քաղված արդյունք՝ ձու»։ Ձկնկիթ՝ ձկից քաղված արդյունք՝ խավիար»։ Բայց միայն կենդանուց քաղվածը չէր կոչվում այդպես։ Կիթ արմատն ուներ (և ունի) նաև կութ տարբերակը, որն առանձին չի գործածվում և հանդիպում է այգեԿՈՒԹ բառի մեջ, որն, ուրեմն, նշանակում է «այգու արդյունքը՝ պտուղը քաղելը, այգեքաղ»։ Ահա թե ինչու ամերիկահայ գրող Վահե Հայկը կարող է իր «Այգին ու այգեկութը» հուշագրական ակնարկում բանաձևել այսպիսի նախադասություն՝ «Ու կը կթեին այգին, կը քաղեին թուփերուն կաթը»։
Ամերիկահայ մի ուրիշ արձակագիր էլ՝ Համաստեղը, գրում է իր «Վարդան» պատմվածքում. «…Գյուղին մեջ ջաղացքեն զատ ունեին նաև ընդարձակ այգի մը, որ ամեն տարի քսան քթոց խաղող կը կթեին։
Կթել-ը արդեն հասկացանք, իսկ այս քթո՞ց-ն ինչ բան է։
Քթոց-ը բարբառային տարբերակն է կթոց բառի. այսպես կոչվում է այն զամբյուղը, որի մեջ «կթված» այգու բարիքն են լցնում ու տեղափոխում։ Ուստի բոլորովին էլ չզարմանաք, երբ իրար կողքի հանդիպեք այդ երկու բառերին, ինչպես պոլսահայ արձակագիր Հակոբ Մնձուրիի «Հաց ուզելու պես» պատմվածքում. «Խաղողի թուփերուն մեջ Խասը կթոց մը ձեռքը խաղող կը կթեր»։
Բարբառային այդ քթոց ձևում, որը շատ տարածված էր արևելահայերենում, ք-ն ստացվել է հաջորդող թ-ի ազդեցության տակ. «… Օրականը ծախում է լեռնացի բեռնավորներին, որոնք մրջյունի կարավանների նման քթոցները ձիանցը բարձած խռնվում են այգեշատ գյուղում….» (Պերճ Պռոշյան, «Ցեցեր»)։
Առաջադրանքներ
1․ Արմատի քանի՞ տարբերակ ունի կթել բայը, որոնք են։
«Կթել» բայը ունի 3 տարբերակ՝
կթել — կով կամ այլ կենդանու կաթ քաղել
կութ — այգու կամ բույսի արդյունք քաղել
կթոց — զամբյուղ, որտեղ լցնում են կթված բարիքը
2․ Թվիր բառեր, որտեղ այդ արմատներն են։
կովկիթ — կովից քաղված արդյունք (կաթ)
հավկիթ — հավից քաղված արդյունք (ձու)
ձկնկիթ — ձկից քաղված արդյունք (խավիար)
այգեկութ — այգուց քաղված պտուղ
քթոց — զամբյուղ, որտեղ կթված բարիքն են լցնում
3․ Բառակազմական վերլուծության ենթարկիր անմտություն, բոլորովին, պատմություն, բարբառային, կթոց բառերը։
անմտություն = ան- (մերժող) + մտություն — անիմաստություն, հիմարություն
բոլորովին = բոլորը + վին — ամբողջությամբ, ամբողջապես
պատմություն = պատմ +ություն — գրված կամ պահպանված իրադարձությունների ամբողջություն
բարբառային = բարբառ + ան + ին — հատուկ տեղական խոսակցական ձևով
կթոց = կթ + ոց — զամբյուղ, որտեղ լցնում են կթված բարիքը
4․ Գտիր հավկիթ, պտուղ, գործածվել, անմտություն բառերի հոմանիշները։
հավկիթ — ձու
պտուղ — հատիկ, բերք
գործածվել — օգտագործվել, կիրառվել
անմտություն — հիմարություն, անվճռականություն