Ինձ շատ դուր եկավ այս ուսումնական շրջանը, թեև մի քանի անգամ բացակայել եմ տարբեր պատճառներով։ Չնայած դրան՝ ես մասնակցել եմ հետաքրքիր ու օգտակար նախագծերի։ Այդ ընթացքում ես հանդիպեցի շատ նոր ու լավ ընկերների, որոնց հետ անցկացրի հիանալի ժամանակ։ Մենք միասին անցանք տարբեր նախագծեր, սովորեցինք համագործակցել ու օգնել միմյանց։
Ես իսկապես շատ ուրախ եմ, որ ընտրել եմ հենց ընկեր Անիի ջոկատը։ Դա ճիշտ ընտրություն էր․ այստեղ ես ինձ զգում էի ինչպես տանը՝ ջերմ, սիրված ու ընդունված։ Այս շրջանը ինձ շատ բան սովորեցրեց՝ թե ընկերության արժեքը, թե թիմային աշխատանքի կարեւորությունը։
Category: Ուսումնական նախագիծ
Խոհանոցային օր
Այսօր ճամբարում խոհանոցային օրն էր։ Մենք շատ ոգևորված էինք, որովհետև պետք է փանքեյք պատրաստեինք։ Խմբով քայլեցինք Մեդիա Կենտրոն, որտեղ էլ պատրաստելու էինք մեր համեղ փանքեյքները՝ ելակով, բանանով, շոկոլադով ու խտացրած կաթով։
Նախապես բոլորս բաժանեցինք գործերը։ Մի մասը պատրաստում էր փանքեյքի խմորը, մյուսները շոկոլադն էին հալեցնում, իսկ մնացածը կտրատում էին ելակներն ու բանանը։
Բոլորս շատ սիրով ու հաճույքով էինք աշխատում։ Երբ փանքեյքները պատրաստ էին, դրանք դնում էինք ափսեների մեջ, վրան շարում ելակ, բանան, հետո ավելացնում շոկոլադ ու խտացրած կաթ։
Այս օրը մեզ համար շատ հետաքրքիր ու համեղ անցավ։ Բոլորս էլ շատ էինք ուրախ, որովհետև մեր ձեռքով պատրաստածը շատ համեղ էր ստացվել։


Դեպի Արատես
Հունիսի 2-4-ը մենք՝ Միջին դպրոցի ճամբարականներս, գնացինք Արատես։
Ճանապարհին կանգառ արեցինք Արփայի հովտում և Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղի բնությունը շատ գեղեցիկ էր և կանչ։ Հետո արդեն նստեցինք ավտոբուսը և շարունակեցինք ճանապարհը։ Սկզբում նախաճաշեցինք մեզ հետ վերցրած բրդուճներով ու մրգով։ Բոլոր կանգառներն էլ շատ հետաքրքիր էին․ շրջում էինք, դիտում բնությունը, զրուցում և լուսանկարներ անում։
Երբ հասանք Արատես, տեղավորվեցինք տնակներում՝ տղաներն առանձին, աղջիկներն առանձին։ Շատ արագ հարմարվեցինք․ մաքուր օդն ու բնությունը բոլորիս վրա լավ ազդեց։ Օրը շարունակվեց ճաշով։ Երեկոյան հավաքվեցինք խարույկի շուրջ՝ պարեցինք ազգային պարեր, երգեցինք, նույնիսկ փոքր համերգ ունեցանք։
Երկրորդ օրը նախաճաշեցինք և, անցնելով գետը, բարձրացանք Արատեսի հյուսիսարևելյան բարձունք։ Շատ հավես էր։ Հետ վերադարձանք և մածուն պատրաստեցինք։ Ճաշից հետո խաղացինք բակային ու ազգային խաղեր։ Երեկոյան՝ կրկին խարույկ, ամփոփում ու քուն։
Վերջին օրը հավաքեցինք ամեն ինչ, մաքրեցինք մեր սենյակները, տեսակավորեցինք աղբը և շարժվեցինք դեպի Երևան։ Մինչև ժամը 17։00 վերադարձանք՝ լի ժպիտներով, հիշողություններով և նոր ընկերություններով։
Այս ճամփորդությունը սովորական ճամփորդություն չէր։ Մենք ոչ միայն հանգստացանք ու զվարճացանք, այլև սովորեցինք լինել ինքնուրույն, աշխատել թիմով, հոգ տանել բնության մասին և ուրախանալ ամեն փոքր պահից։
Եռօրյա ճամփորդություն դեպի Ալավերդի
Ճամփորդություն Ալավերդի․ մարզական և հայրենագիտական բաղադրիչով նախագիծ
Ապրիլի 11-13-ը միջին դպրոցի սովորողների խմբով ուղևորվեցինք Լոռու մարզ՝ Ալավերդի քաղաք։ Մեր նախագիծը մարզական էր, սակայն մենք նաև կարևոր դիտարկում կատարեցինք՝ մեկ տարի առաջ Ալավերդիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները ուսումնասիրելով։ Քանի որ ճամփորդությունից ուղիղ մեկ տարի առաջ՝ ապրիլի նույն օրերին, նույնպես գտնվել էինք Ալավերդիում, մեզ համար կարևոր էր տեսնել՝ ինչպես է փոխվել քաղաքը տարերային աղետի մեկ տարում։
Ճամփորդության հիմնական նպատակն ու բաղադրիչը մարզական էր։ Մենք հյուրընկալվեցինք Ալավերդու Օլեգ Գորբունովի անվան մարզադպրոցում, որտեղ մարզական ընկերական հանդիպումներ ունեցանք մարզադպրոցի մարզիկների հետ՝ հանդբոլի և բասկետբոլի մարզաձևերից։ Այս հանդիպումները ոչ միայն մարզական փորձի փոխանակման հնարավորություն տվեցին, այլև նպաստեցին նոր կապերի հաստատմանը։ Զրուցեցինք մարզչական կոլեկտիվի հետ, ներկայացրինք մեր կրթահամալիրը, պատմեցինք մեր գործունեության մասին և նրանց հրավիրեցինք մեզ մոտ՝ հետագա համագործակցությունը խորացնելու նպատակով։
Ճամփորդության մի այլ կարևոր բաղադրիչը հայրենագիտականն էր։ Տպավորիչ այցելություններ ունեցանք Լոռու մարզի պատմամշակութային վայրեր։ Այցելեցինք Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող հրաշալի կառույցներ։ Անձամբ ինձ համար հատկապես ուրախալի էր Օձունի վանք այցելելը, քանի որ այնտեղ դեռ չէի եղել։ Դա իսկապես տպավորիչ և գեղեցիկ վայր է՝ յուրահատուկ ճարտարապետությամբ և պատմությամբ։
Ճամփորդությունն ուսանելի, բազմաբովանդակ և տպավորիչ էր թե՛ ուսանողների, թե՛ ուղեկցող ուսուցիչների համար։ Այսպիսի նախագծերը խթանում են ոչ միայն ֆիզիկական ակտիվությունը, այլև ճանաչողական ու հայրենասիրական գիտակցությունը։
Պատում դեպի Թանգարան
Մենք ընկեր Տաթևի և ընկեր Հասմիկի հետ այցելեցինք Հայաստանի պատմության թանգարան։ Մենք այնտեղ գնացել էինք, որովհետև ուզում էինք տեսնել Անահիտ աստվածուհու արձանը։ Անահիտը հին ժամանակներում համարվել է մայրության, պտղաբերության և ընտանիքի խնամքի աստվածուհի։ Մարդիկ նրան շատ են հարգել և երկրպագել։
Թանգարանում մենք տեսանք շատ հին և հետաքրքիր իրեր։ Տարբեր դարերի գործիքներ, զենքեր, զարդեր և կավե ամաններ։ Դրանք օգնում են պատկերացնել, թե ինչպես էին ապրում մեր նախնիները հազարավոր տարիներ առաջ։ Բայց մեզ ամենաշատը հետաքրքրում էր Անահիտ աստվածուհու արձանը։
Արձանը շատ գեղեցիկ էր, պատրաստված բրոնզից։ Թեև ամբողջական չէր, բայց դրանով էլ կարելի էր զգալ, թե որքան կարևոր ու սիրված էր Անահիտը մեր մշակույթում։ Թանգարանի աշխատակիցն ասաց, որ արձանի որոշ մասեր պահվում են այլ երկրներում, օրինակ՝ Բրիտանիայում։ Հիմա որոշել են, որ այն պետք է նորից ուղարկեն այնտեղ՝ ցուցադրության համար։
Մենք մի փոքր տխրեցինք, որ Անահիտի արձանը չեն պահելու միայն Հայաստանում, բայց նաև հասկացանք, որ ուրիշ երկրներում այն ցուցադրելով՝ մարդիկ կիմանան մեր պատմության մասին։ Այդ օրը մենք շատ բաներ սովորեցինք և ավելի շատ սիրեցինք մեր հայրենիքի պատմությունն ու մշակույթը։