Day: 27.05.2021
Հայաստանի մայրաքաղաքները
Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:
Արմավիր
Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:
Երվանդաշատ
Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:
Արտաշատ
Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:
Տիգրանակերտ
Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։
Վաղարշապատ
Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:
Դվին
Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:
Բագարան
Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։
Շիրակավան
Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։
Կարս
Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:
Անի
961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:
Երևան
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:
Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը
Բագրատունիներ
Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։
Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։
Անկախության վերականգնումը
7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։
Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։
Աշոտ II Երկաթ
10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:
Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։
Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:Չնայած դրան` իրենց գոյությունը պահպանեցին Սյունիքի, Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկականիշխանական տները: Բացի դրանից` ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ 11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում։
Արտաշեսյաններ
Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները,
առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։
Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով հայոց թագավոր` նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց հայկական հողերը։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը։ Իր գրաված երկրներից
տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։
Արաքս գետի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։
Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)
Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։
Կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծը կարողացավ միավորել բոլոր հայկական հողերը, կարողացավ հզորացնել հայոց բանակը։ Հայոց թագավորությունն
այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը(Վրաստանը) և Աղվանքը։Տիգրան Մեծին առաջարկեցին դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից
ծովից մինչև Միջերկրական ծով։ Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը, ռազմատենչ արքա չէր։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի` Տիգրանակերտի շինարարությունը։ Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք։ Քաղաքում
շքեղ պալատներ էին կառուցվում։ Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։
Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ, հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ։
Բիայնա երկրի արքաները
Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…
Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ…
Անունների այս շարքը կարելի է շարունակել։ Նրանցից շատերը
մեզ ծանոթ են։ Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ,
նաև քաղաքներ, օրինակ` Արտաշատն
ու Վաղարշապատը։
Հայոց արքաների և արքայատոհմերի անունները
այսօր էլ շարունակում են ապրել։
Ժողովրդին կազմակերպող
ու առաջնորդող այդպիսի դեր է կատարում պետությունը։ Հայոց
մեծազոր արքաների գլխավոր նպատակը նախ և առաջ պետության
ամրապնդումն ու հզորացումն են եղել։ Դրա համար էլ
նրանք մեկընդմիշտ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և
օրինակ ծառայել հետագա սերունդների համար։
Մենուա և Արգիշտի Առաջին
Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից
է։ Նրան տարեկից քիչ քաղաքներ կան։ Այդպիսին է,
օրինակ, Հռոմը, որը Երևանից քիչ ավելի ուշ է հիմնադրվել։ Հռոմի
հիմնադրման մասին միայն բանավոր ավանդապատումներ կան,
իսկ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։
Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Ք. ա.
782 թվականին։
Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր
արքաներից էր։
Վանի թագավորությունը Հայկական
լեռնաշխարհում ստեղծված
մեծ պետություն էր, որ կարողացավ
միավորել լեռնաշխարհի
համարյա ամբողջ տարածքը։
Վանի թագավորությունը նրա
հարավային հարևան և գլխավոր
հակառակորդ երկրում` Ասորեստանում
հայտնի էր Ուրարտու
անունով։ Բացի դրանից`
մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է
Բիայնիլի, այսինքն` Բիայնա երկիր։
Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի
քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի I-ը հիմնեց
Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած
արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա,
հզոր արքա, արքաների արքա»:
Առասպել Դավթի քարի մասին
Սասունցի Դավիթը հայկական ժողովրդական էպոսի գլխավոր հերոսն է: Նա աչքի էր ընկնում առասպելական ուժով, որը ժառանգել էր հորից՝ Մեծ Մհերից, իսկ նրա հայրը՝ իր հորից՝ Սանասարից, որը գերբնական ծագում ուներ. ծնվել էր Կաթնաղբյուրի ջրից: Նրա մայրը՝ Ծովինարը ծարավ էր զգացել և Կաթնաղբյուրի ջրից մի բուռ լիքը ու մի կիսատ բուռ խմել էր և հղիացել: Լիքը բռից ծնվել էր Սանասարը, որն ավելի ուժեղ էր, իսկ կիսատ բռից՝ Բաղդասարը: Հորեղբայրը մանուկ ժամանակ Դավթին հոտաղ էր դարձրել: Երբ առավոտյան աղջամուղջը տարրալուծվում էր, և սկսում էին տարորոշվել սարերի կատարները, նա հոտը քշում էր դեպի ուղղաձիգ լեռների կանաչապատ լանջերը: Նստում էր քարին, նայում էր չորս կողմն ու հիանում փթթուն, բերրի ծառաստաններով: Ձեռքն էր առնում հովվական սրինգն ու ողջ օրը նվագում: Մի անդորր ու խաղաղ օր հանկարծ մի հողմ սկսվեց: Մրրկաբաշ քամին արմատախիլ արեց ժայռին աճած կաղնին: Ժայռաբարձունքին ցցված քարը ծառի հետ միաժամանակ պոկվեց ու սկսեց գահավիժել ցած: Ներքևում կանայք ու երեխաներն էին՝ ով աշխատում էր, իսկ ով խաղում: Դավիթը իսկույն վազեց դեպի ստորոտը, կանգնեց քարին ընդդիմակաց և հուժկու բազուկներով կասեցրեց ապառաժի ընթացքը: Լեռան ստորոտին ընկած ժայռաբեկորն այդ օրվանից կոչվեց «Դավթի քարը»:
«Սանասար և Բաղդասար»
Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին: Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է: Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը: Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից:Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում: Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում: Հետո նա մեկնում է Բաղդադ: Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում: Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն: Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ: Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն:
«Մեծ Մհեր»
Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին: Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ:
Մըսրում մեռնում է Մելիքը: Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից: Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու: 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն: Արմաղանը դժվարությամբ ներում է նրան: Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են:
«Սասունցի Դավիթ»
Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ: Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին: Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն: Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին:
Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ: Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ: Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր: Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում: Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»: Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից:
«Փոքր Մհեր»
Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը: Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ: Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ: Մեռնում է Գոհարը: Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ: Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.
Արա գեղեցիկ և Շամիրամ
Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա լեռը, գտնվում է Կիլիկյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի Հաթայ վիլայեթում)` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում (Բիթիաս, Յողուն-Օլոք, Հաջի-Հաբաբլի, Խըդր-Բեկ, Վագըֆ և Քաբուսիե) բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները:
Հայաբնակ այդ գավառը հայտնի է Սվեդիա, Մուսա-դաղ, Ջեբել Մուսա, Մուսա լեռ անուններով:
Հայ և օտար պատմիչների վկայությամբ, դեռևս մ.թ.ա. 1-ին դարում Անտիոքում և նրա շրջակա գավառում բավական մեծ թվով հայեր են ապրել:
1516 թ. օսմանյան թուրքերը Սիրիան գրավելուց հետո Անտիոքը` Մերձավոր Արևելքի այդ ծաղկուն քաղաքը, աստճանաբար կորցրեց իր երբեմնի քաղաքական-տնտեսական նշանակությունը: Տեղի հայ բնակչության զգալի մասը հետզհետե տեղափոխվեց դեպի արևմուտք` Մուսա լեռան կողմերը:
Մուսա լեռան հայությունը երկու անգամ (1895 թ., 1909 թ.) հետ մղեց թուրքական կանոնավոր զորքերին երբ վերջիններս փորձեցին հայկական ջարդեր կազմակերպել նաև Մուսա լեռան շրջանում:
Դրությունն ավելի սրվեց 1915 թ., երբ երիտթուրքերի պարագլուխները ձեռնամուխ եղան հայկական հարցը` հայ ժողովրդի ցեղասպանության միջոցով լուծելու իրենց հրեշավոր ծրագրի իրականացմանը:
1915 թ. մեծ եղեռնին զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն արևմտահայեր:
Հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը:
Թուրքական կառավարության վաղօրոք մշակած աքսորի ու կոտորածների ծրագրի համաձայն, 1915 թ. հուլիսի 26-ին տրվեց նաև Քեսապի մերձակա հայության տեղահանության հրամանը, որը տագնապալից ահազանգ էր նաև Մուսա լեռան հայության համար:
Չհավատալով թուրքերի խոստումներին ` մուսալեռցիները բարձրացան Մուսա լեռը ու սկսեցին անհավասար պայքար մղել բազմահազարանոց թուրքական բանակի դեմ:
Թուրքական կանոնավոր զորքերը երեք անգամ (օգոստոսի 7-ին, 10-ին և 19-ին) տարբեր ուղղություններով անցան հարձակման, սակայն էական հաջողության չհասան և, կրելով հսկայական կորուստներ (ավելի քան 1000 մարդ), խուճապահար նահանջեցին:
Մղվում էր իսկական համաժողովրդական հերոսամարտ: Մարտիկների հետ միասին դիրքեր էին գրավել ծերերը, կանայք, պատանիները:
Չկարողանալով ընկճել մուսալեռցիների դիմադրությունը` թուրքերը որոշեցին պաշարել լեռը և սովամահ անել հայերին:
Նրանք այդտեղ կենտրոնացրին շուրջ 15000 զինվոր: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Մնում էր փրկության միակ ուղին` Միջերկրական ծովը, որի ժայռոտ ափը թշնամին չէր կարողացել պաշարել և որտեղից միայն կարելի էր ակնկալել հնարավոր օգնություն:
Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար լեռան ծովահայաց եզրին բարձրացվեց երկու «դրոշակ»: Դրանք լայնատարած սավաններ էին, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և անգլերեն գրված էր` «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցեք»:
Սեպտեմբերի 5-ին ֆրանսիական «Կիշեն» ռազմանավը, նկատելով մուսալեռցիների ծածանվող դրոշները, մոտեցավ և խարիսխ ձգեց ափից ոչ հեռու: Ռազմանավի հրամանատարությունը, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, հրանոթային կրակ բացեց թուրքական դիրքերի վրա և հեռանալով` խոստացավ օգնել մուսալեռցիներին:
Սեպտեմբերի 9-ին թուրքերը ձեռնարկում են նոր` (թվով չորրորդ) առավել կատաղի հարձակումը: Սակայն, հայերը յոթ ժամ տևող համառ մարտերի ընթացքում ոչ միայն կարողացան հետ մղել թուրքերի բոլոր գրոհները, այլև անցնել հակահարձակման և հալածել խուճապահար նահանջող թշնամուն:
Նավատորմի նավապետը, չսպասելով Ֆրանսիայի ուշացող թույլտվությանը, իր պատասխանատվությամբ անցնում է գործողությունների:
Վերջապես, սեպտեմբերի 13-15-ը ֆրանսիական հինգ ռազմանավեր հերոս մուսալեռցիներին (շուրջ 4000 մարդ) փոխադրում են Պորտ-Սաիդ (Եգիպտոս):
Մուսալեռան ավելի քան 40-օրյա հերոսամարտի ժամանակ իրենց քաջագործություններով աչքի ընկան շատերը, այդ թվում Հակոբ Կարագյոզյանը, Մարտիրոս Ջանսզյանը, Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլազյանը, Պետրոս Թութագլյանը, Ճարպա Խայոյանը, Պետրոս Գալստյանը:
Մուսալեռցիները հպարտությամբ են հիշում նաև իրենց հերոս կանաց, որոնց թվում են` Շուշան Գաբաղյանը, Վարդիթեր Զեթլյանը, Ծաղեր Տեր-Մովսիսյանը, Սիմա Ղարիբյանը, Մանուշակ Մանուկյանը:
Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո մուսալեռցիները վերադարձան իրենց գյուղերը (1919թ.):
Այդ սխրանքն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում: Գիրքը, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով` ոգեշնչել է շատերին, այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական գերության մեջ գտնվող մարդկանց:
1939 թ. Ալեքսանդրեթի շրջանը հանձնվեց թուրքերին և մուսալեռցիները, խուսափելով թուրքերի հալածանքներից, գաղթեցին Այնջար (Լիբանան): Կարճ ժամանակում հիմնվեցին վեց գյուղի անուն կրող վեց թաղամաս: Նոր տեղում մուսալեռցիները զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և այգեգործությամբ:
1946-1947 թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգվածը (ավելի քան 5000 մարդ) վերջնականապես հանգրվանում է Հայաստանում:
Էջմիածնի շրջանի Գինեվետ ավանը 1972 թ. վերանվանվեց Մուսալեռ, իսկ 1976 թ. սեպտեմբերի 16-ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի ունեցավ հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ:
Կոթողի հեղինակները` ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյան:
Ամեն տարի, սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերոսամարտի տարելիցը և հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը:
Առասպել գամված Արտավազդի մասին
Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, որը Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.
— Նա հեռանում է մեզնից, ոնց որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանում՜: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ:
Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:
— Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:
Թագակալելուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին, և միաժամանակ փոխելով բարի ու առաքինի մարդկանց անգութ ու դաժան մարդկանցով: Երկիրը ցնցվեց նոր տիրակալի անարդարություններից: Եվ մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիգրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ անիրավ Արտավազդը երկաթյա շղթաները ձերքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:
Արդեն երկու հազար տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Քայց այն րոպեին, որ շղթաները պիտի հողին ընկնեն, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:
Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարը ու անարդարույունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով պահում աշխարհը ինքնաքանդումից
Հայկը և Բելը
Հայկ
Հայկ Նահապետը (նաև Հայկ, Հայկ դյուցազն) համարվում է հայոց նահապետը, նախահայրը և ազգապետը։
Անվան ծագման մասին
Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Հայկը դյուցազն է, սերում է դիցերից։ Հայկի մայրն էր Անահիտ դիցուհին, որը երբեմն կոչվում է «մեծն տիկին հայոց», «մեծամայր»։
Բնութագրում
Հայկը հաղթանդամ և վայելչակազմ ռազմիկ է, որսորդ։ Նրա զենքերը՝ թուրը, նետ ու աղեղը օժտված են գերբնական հատկություններով։ Հայոց տոմարի ամսանունները ծագում են Հայկի զավակների անուններից։
Հայկ և Բել
Հայկի կյանքի ամենավառ պատմությունը նրա պատերազմն է բաբելոնյան առաջնորդ Բելի դեմ։ Բելը ինքն իրեն հռչակում է աշխարհակալ և պարտադրում այլոց պաշտել իրեն։ Սակայն Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունն իր հարազատների և ցեղակիցների վրա։ Բաբելոնում իր անդրանիկ զավակի՝ Արամանյակի (Արմեն) ծնվելուց հետո, Հայկը երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է Հայք։ Հայրենիք ժամանելուն պես Հայկը բնակություն է հաստատում Հարք գավառում։ Հարք անունը մեկնաբանվում է որպես «հայրեր», «հայրենիք»:Հարքում Հայկը հիմնում է բնակավայր և անվանում այն Հայկաշեն։
Այդ ընթացքում Բելը, դառնալով Ասորեստանի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք։ Հայկի թոռը զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով և թոռներով Հայկաշենից մեկնում է Վան քաղաքը։ Վանից հարավ ընկած գետի հովիտում Հայկը և Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմիանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձև։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը և հարձակվել Հայկի և իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից, բարձրանում մի բլրի վրա, այնտեղից հետևում է մարտին։
Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և, մոտենալով Բելին, նետահարում է նրան եռաթև նետով։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով և մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը՝ նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։
Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է Հայկաբերդ։ Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք և, թաղելով Հայկաշենից ոչ հեռու, բլուր դարձնել նրա գերեզմանը՝ ի զգուշացում բոլոր օտարներին, ով կհանդգնի հարձակվել Հայկի հայրենիքի վրա։ Ի հիշատակ Հայկի տարած հաղթանակի և նրա բազբաթիվ արարքների՝ ժողովուրդը անվանում է մեր երկիրը Հայք։
Առասպել լավաշի մասին
Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։
Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.
— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:
Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.
— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:
Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի: