Կոփումն առողջ ապրելակերպի բաղադրիչներից մեկն է: Մարմնի կոփման տարբեր մեթոդները հնարավորություն են տալիս բարելավել ընդհանուր առողջական վիճակը, բարձրացնել իմունիտետը և օրգանիզմի հարմարվելու կարողությունը։ Իսկ թե ինչպե՞ս կոփվել` առանց վնաս հասցնելու օրգանիզմին, կարդա այս հոդվածում:
Առողջ ապրելակերպի կարևոր մասն է կազմում կոփումը: Դեռ հին ժամանակներից մարդկությանը հայտնի էր, որ օրգանիզմի դիմադրողականությունը կարելի է բարձրացնել կոփման միջոցով։ Գոյություն ունեն մարմնի կոփման տարբեր եղանակներ, որոնք օգնում են բարելավել ընդհանուր առողջական վիճակը, բարձրացնել իմունիտետը և օրգանիզմի` անբարենպաստ պայմաններին հարմարվելու կարողությունը։
Կոփումն իրենից ներկայացնում է հատուկ կանխարգելիչ միջոցառումներ, որոնք ուղղված են շրջակա անբարենպաստ պայմաններին օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը:
Երեխային չմրսեցնելու մտավախությամբ` որոշ ծնողներ մանկական վաղ հասակից սկսած փոքրիկին չափազանց տաք են հագցնում, քնացնում են շատ տաք սենյակում, ծածկում հաստ վերմակներով, տարանցիկ քամուց վախենալով` չեն օդափոխում բնակարանը: Արդյունքում, աստիճանաբար երեխայի ջերմակարգավորման համակարգը ենթարկվում է հետաճի, ինչի հետևանքով նույնիսկ չնչին քամին կարող է վտանգ սպառնալ առողջությանը։
Մինչդեռ որոշ պարզ միջոցառումների կանոնավոր օգտագործման դեպքում կարելի է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, եղանակային փոփոխությունների հանդեպ կայունությունը և նույնիսկ կանխարգելել մրսածությունները:
Կոփումը ցանկալի է սկսել վաղ տարիքից:
Մարմնի կոփման տարբեր մեթոդները հնարավորություն են տալիս բարելավել ընդհանուր նյութափոխանակությունը, կայունացնել իմունիտետը և օրգանիզմի` անբերանպաստ պայմաններին հարմարվելու կարողությունը, ամրապնդել նյարդային համակարգը և լավացնել ընդհանուր առողջական վիճակը։
Կոփման նպատակով օգտագործվում են տարբեր ֆիզիկական մեթոդներ, այն է.
- կոփում օդի միջոցով. սենյակի օդափոխություն, օդային լոգանքներ, զբոսանք և քուն մաքուր օդում, նաև տարվա ցուրտ եղանակին` կրելով եղանակին համապատասխանող հագուստ։
- Կոփում արևի ճառագայթներով. օրվա որոշակի ժամերին` առավոտյան ժամը 10-11-ն է կամ երեկոյան ժամը 17-18-ին, ընդունել արևային լոգանքներ: Սակայն պետք է զգուշանալ արևահարությունից:
- Կոփում ջրի միջոցով. ջրային լոգանքներ` շփում, ջրցողում, լող:
Կարելի է կոփվել նաև ոտաբոբիկ քայլելու միջոցով. այս դեպքում ակտիվացվում են ներբաններում գտնվող կենսաբանորեն ակտիվ կետերը:
Կոփման կանոնները.
- Կոփումն սկսել առողջ վիճակում: Եվ իհարկե պետք է հաշվի առնել մարդու առողջական վիճակը, կլիմայական պայմանները, տարվա եղանակը: Հիվանդությունների առկայության դեպքում պարտադիր պետք է նախապես խորհրդակցել բժշկի հետ:
- Շարունակականություն. կոփվել ամբողջ տարվա ընթացքում, կանոնավոր, քանի որ նույնիսկ կարճատև ընդմիջումները կարող են թուլացնել հարմարողականության մեխանիզմները, և ամեն ինչ հարկավոր է սկսել նորից: Տարվա եղանակից կախված` կոփման մեթոդները պետք է փոփոխվեն, բայց ոչ կտրուկ կերպով։ Օրինակ` ձմռանը սառը ցնցուղը կարելի է փոխարինել ոտքերը սառը ջրով շփելով։
- Պարզից դեպի բարդը. պետք է սկսել շատ պարզ և թեթև միջոցառումներից, այնուհետ` աստիճանաբար բարդացնել, օրինակ` ջրի ջերմաստիճանը աստիճանաբար իջեցնել կամ սառը եղանակին զբոսանքի տևողությունը երկարացնել։
- Ջերմային ռեժիմի պահպանում. անհրաժեշտ է ստուգել մաշկի ջերմաստիճանը և համոզվել, որ քիթն ու վերջույթները տաք են։ Եթե մարմինը սառում է, անոթները նեղանում են, խանգարվում է արյան շրջանառությունը, և կոփումը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Վտանգավոր է նաև գերտաքացումը, հատկապես մաշկի գերխոնավացման և բարձր ջերմային ռեժիմի պայմաններում սառը ջրի ազդեցությունը:
- Պարտադիր պետք է հետևել ինքնազգացողությանը: Միջոցառումները պետք է առաջացնեն հաճելի, դրական զգացողություններ:
Ի դեպ, կարելի է համատեղել կոփումը ֆիզիկական վարժությունների հետ:
Կոփվեք, վարեք առողջ կենսակերպ և եղե՛ք առողջ: