Ինձ շատ դուր եկավ այս ուսումնական շրջանը, թեև մի քանի անգամ բացակայել եմ տարբեր պատճառներով։ Չնայած դրան՝ ես մասնակցել եմ հետաքրքիր ու օգտակար նախագծերի։ Այդ ընթացքում ես հանդիպեցի շատ նոր ու լավ ընկերների, որոնց հետ անցկացրի հիանալի ժամանակ։ Մենք միասին անցանք տարբեր նախագծեր, սովորեցինք համագործակցել ու օգնել միմյանց։
Ես իսկապես շատ ուրախ եմ, որ ընտրել եմ հենց ընկեր Անիի ջոկատը։ Դա ճիշտ ընտրություն էր․ այստեղ ես ինձ զգում էի ինչպես տանը՝ ջերմ, սիրված ու ընդունված։ Այս շրջանը ինձ շատ բան սովորեցրեց՝ թե ընկերության արժեքը, թե թիմային աշխատանքի կարեւորությունը։
Month: Հունիս 2025
Խոհանոցային օր
Այսօր ճամբարում խոհանոցային օրն էր։ Մենք շատ ոգևորված էինք, որովհետև պետք է փանքեյք պատրաստեինք։ Խմբով քայլեցինք Մեդիա Կենտրոն, որտեղ էլ պատրաստելու էինք մեր համեղ փանքեյքները՝ ելակով, բանանով, շոկոլադով ու խտացրած կաթով։
Նախապես բոլորս բաժանեցինք գործերը։ Մի մասը պատրաստում էր փանքեյքի խմորը, մյուսները շոկոլադն էին հալեցնում, իսկ մնացածը կտրատում էին ելակներն ու բանանը։
Բոլորս շատ սիրով ու հաճույքով էինք աշխատում։ Երբ փանքեյքները պատրաստ էին, դրանք դնում էինք ափսեների մեջ, վրան շարում ելակ, բանան, հետո ավելացնում շոկոլադ ու խտացրած կաթ։
Այս օրը մեզ համար շատ հետաքրքիր ու համեղ անցավ։ Բոլորս էլ շատ էինք ուրախ, որովհետև մեր ձեռքով պատրաստածը շատ համեղ էր ստացվել։


Դեպի Արատես
Հունիսի 2-4-ը մենք՝ Միջին դպրոցի ճամբարականներս, գնացինք Արատես։
Ճանապարհին կանգառ արեցինք Արփայի հովտում և Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղի բնությունը շատ գեղեցիկ էր և կանչ։ Հետո արդեն նստեցինք ավտոբուսը և շարունակեցինք ճանապարհը։ Սկզբում նախաճաշեցինք մեզ հետ վերցրած բրդուճներով ու մրգով։ Բոլոր կանգառներն էլ շատ հետաքրքիր էին․ շրջում էինք, դիտում բնությունը, զրուցում և լուսանկարներ անում։
Երբ հասանք Արատես, տեղավորվեցինք տնակներում՝ տղաներն առանձին, աղջիկներն առանձին։ Շատ արագ հարմարվեցինք․ մաքուր օդն ու բնությունը բոլորիս վրա լավ ազդեց։ Օրը շարունակվեց ճաշով։ Երեկոյան հավաքվեցինք խարույկի շուրջ՝ պարեցինք ազգային պարեր, երգեցինք, նույնիսկ փոքր համերգ ունեցանք։
Երկրորդ օրը նախաճաշեցինք և, անցնելով գետը, բարձրացանք Արատեսի հյուսիսարևելյան բարձունք։ Շատ հավես էր։ Հետ վերադարձանք և մածուն պատրաստեցինք։ Ճաշից հետո խաղացինք բակային ու ազգային խաղեր։ Երեկոյան՝ կրկին խարույկ, ամփոփում ու քուն։
Վերջին օրը հավաքեցինք ամեն ինչ, մաքրեցինք մեր սենյակները, տեսակավորեցինք աղբը և շարժվեցինք դեպի Երևան։ Մինչև ժամը 17։00 վերադարձանք՝ լի ժպիտներով, հիշողություններով և նոր ընկերություններով։
Այս ճամփորդությունը սովորական ճամփորդություն չէր։ Մենք ոչ միայն հանգստացանք ու զվարճացանք, այլև սովորեցինք լինել ինքնուրույն, աշխատել թիմով, հոգ տանել բնության մասին և ուրախանալ ամեն փոքր պահից։