16․09․2025
Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։
Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթարդ գագաթներով։
Ամրոցը պատսարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքար, ժայռերով։ Հարավարևելյան կորնթարդ բառձյունքի սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառուցերով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովհանոցը՝ վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով՝ ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապը անցել էր, լուսնկա, զովաշունչ երեկո էր։ Ներքևում՝ կիրճում, անցուդարձը դադարել էր։ Անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշորերից մոմի թրթռացող լույս էր երևում։