Posted in Ձմեռային ճամբար

Առաջին շաբաթվա ճանբարային Հաշվետություն

Առաջին օր

Ճամբարական օրերի առաջին շաբաթը սկսվեց ուրախ և հետաքրքիր։ Օրը սկսեցինք հանգիստ մթնոլորտում՝ թեյ խմելով և ընկեր Ստելլայի հետ զրուցելով։ Մենք ծանոթացանք միմյանց հետ, պատմեցինք մեր նախասիրությունների ու հետաքրքրությունների մասին։ Սա մեզ օգնեց ավելի լավ ճանաչել իրար և ստեղծել ջերմ միջավայր։

Մոտ ժամը տասին բոլորս միասին գնացինք քոլեջ։ Քայլում էինք ոգևորությամբ և ճանապարհին զրուցում տարբեր թեմաներից։ Քոլեջում մեզ դիմավորեց տնօրենը՝ ընկեր Հասմիկը, և ուղեկցեց շրջայցի ընթացքում։ Մենք տեսանք տարբեր բաժիններ և ծանոթացանք այնտեղ առաջարկվող մասնագիտություններին։ Բաժինները շատ հետաքրքիր էին և մեր մեջ մեծ հետաքրքրություն առաջացրին։

Այցելեցինք նաև դասասենյակներ և տեսանք, թե որքան հարմար և ժամանակակից են դրանք։ Քոլեջի միջավայրը մեզ դուր եկավ և ավելի հետաքրքրեց ուսումնառության հնարավորություններով։

Շրջայցից հետո վերադարձանք դասասենյակ և ծանոթացանք ընդհանուր դասացուցակին։ Մեզ բացատրեցին ուսումնական ծրագրի կառուցվածքը և զարգացման հնարավորությունները։ Օրը անցավ շատ օգտակար և ուսուցողական՝ նոր գիտելիքներով ու տպավորություններով լի։ Բացի այդ, անցկացրինք հաճելի ժամանակ ընկերական մթնոլորտում։


Երկրորդ օր

Երկրորդ օրը սկսեցինք առավոտյան պարապմունքով, որը մեզ օգնեց ավելի ակտիվ սկսել օրը։ Պարապմունքից հետո վերադարձանք դասարան և սկսեցինք մեր ամենօրյա թեյախմությունը։ Այդ ընթացքում զրուցեցինք, կիսվեցինք մեր մտքերով և նախորդ օրվա տպավորություններով։ Թեյախմությունը մեզ համար դարձավ շփման և թիմային միավորման կարևոր պահ։

Հետո մեզ միացավ ընկեր Նազելին, և սկսեցինք աշխատել երեխաների իրավունքներին նվիրված նախագծի վրա։ Քննարկեցինք կրթության իրավունքը, ազատ արտահայտվելու իրավունքը, անվտանգության և պաշտպանության կարևորությունը։ Յուրաքանչյուրս արտահայտեց իր կարծիքը և բերեց օրինակներ։ Մենք հասկացանք, որ իրավունքների հետ միասին կան նաև պարտականություններ և պատասխանատվություն։

Դրանից հետո քննարկեցինք արհեստական բանականության թեման։ Խոսեցինք նրա դրական և բացասական կողմերի մասին։ Ոմանք կարծեցին, որ AI-ն կարող է օգնել մարդկանց, իսկ մյուսները մտահոգվեցին, որ այն կարող է ազդել ստեղծագործական մտածողության վրա։

Օրը անցավ հետաքրքիր քննարկումներով և թիմային աշխատանքով։ Մենք սովորեցինք լսել միմյանց և ազատ արտահայտել մեր կարծիքները։


Երրորդ օր

Առավոտյան օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որը մեզ օգնեց լինել ավելի ակտիվ և պատրաստ դասերին։ Դրանից հետո վերադարձանք դասարան և անցկացրինք առավոտյան թեյախմություն՝ զրույցներով ու քննարկումներով։

Մեզ կրկին միացավ ընկեր Նազելին, և միասին կազմեցինք հարցեր երեխաների և ուսուցիչների համար։ Մեր նպատակը պարզելն էր, թե որքանով են դպրոցում պաշտպանված երեխաների իրավունքները և որքանով են բոլորը տեղեկացված դրանց մասին։

Այնուհետև մեզ մոտ եկավ դպրոցի հոգեբանը՝ ընկեր Սուսաննան։ Նա մեզ բաժանեց երկու խմբի և առաջարկեց քննարկել, թե ինչն է մեզ օգնում դպրոցում ավելի ապահով և վստահ զգալ։ Խմբերով ներկայացրինք մեր գաղափարները և միասին քննարկեցինք դրանք՝ լսելով ընկեր Սուսաննայի խորհուրդները։

Դասերից հետո բարձրացանք քոլեջ՝ մասնակցելու նախագծային աշխատանքների երկրորդ կուրսի ուսանողների հետ։ Մեզ օգնեց Սոնան, ով սովորում է տուրիստական բաժնում։ Նա մեզ պատմեց տուրիզմի մասին, բացատրեց ոլորտի աշխատանքը և դրա կարևորությունը։

Դրանից հետո գնացինք գրադարան, վերցրինք պատմական թեմայով խաղեր և դասարանում խաղացինք դրանք։ Խաղերը հետաքրքիր և ուսուցողական էին։

Օրվա վերջում լավ տրամադրությամբ վերադարձանք տուն՝ մեզ հետ տանելով նոր գիտելիքներ և դրական հիշողություններ։