Posted in Գրականություն, Uncategorized

Հացը

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնում էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։
Իմ հայրիկը լավ հայրիկ էր։ Իմ մայրիկը ինձ շատ էր սիրում։ Իմ հորեղբայրը գեղեցիկ և ուժեղ տղամարդ էր։ Մեր տան քիվի ծիծեռնակները երկնքի կռունկների հետ չվել գնացել էին։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջնում։ Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։ Կացինը թևին, գոգնոցը կապած, եղանն ուսին՝ աշխատանքի գնալուց աոաջ նրանք նայում էին ինձ և թաքուն հրճվում, որ իրենց որդին մեծանում է, այտն ահա ձեռքին է դրել և գիրք է կարդում։ Գոգնոցը կապած, իմ մայրիկը մտածեց՝ ասե՞լ թե չասել, և որոշեց չասել, որդուն չխանգարել, որդին թող կարդա ու դառնա գիտնական։ Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կորում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից աոաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։ Եվ իմ հայրիկը ինձ ասաց.
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերե՞մ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Առանց աատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։
Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները, որոնք դեռ ունեին մի երկու խնձոր, իմ մայրիկի մեղմ ժպիտը, շիկավուն շանը, որ պառկել էր իմ ոտքերի մոտ ու ննջում էր, և աքաղաղի կարմիր կատա՛րը, և կեռասի ծառը, որ հանկարծ սկսեց ծվծվալ։ Ես նայեցի այգուն, տեսա կեռասի ծառը և դեղնափորիկ թռչունին, որ այդքան ուշ աշունով ծառին կեռաս էր գտել և զարմանքից ծվծվում էր։ Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
Ես, ուրեմն, ասացի.
— Գիրքը խոզերի մոտ կկարդամ։
— Շնորհակալ կլինեմ,— ասաց իմ հայրիկը։— Ուզում ես՝ շունը թող մնա հավերին պահակ, ուզում ես՝ հետդ տար։ Շնորհակալություն,— կրկին ասաց նա, և ես մի քիչ ամաչեցի։
— Լավ,— ասացի ես,— շունը հետս կտանեմ։
Նրանք ինձ հագցրին բրդե տաք ու փափուկ սվիտեր, որ մայրիկն էր երեկոները գործել ինձ համար, հագցնել տվին ռետինե  թեթև կոշիկներ, որպեսզի կաշվե կոշիկներով խոտերի վրա հանկարծ չսայթաքեմ, և ինձ նայեցին գուրգուրանքով, քանի որ սվիտերն ինձ շատ էր սազում, և ես իրենց որդին էի։
— Հիմա՞ գնամ,— ասացի ես։
— Քո և հորեղբոր ճանապարհը մինչև Կույր աղբյուր նույնն է, հորեղբոր հետ մինչև Կույր աղբյուր գնա, էնտեղից կթեքվես Թփուտ կածանով դեպի Պարզ բացատ։
Շունը չէր ուզում գալ։ Ես  նորից կանչեցի,  նա դանդաղ ելավ ու ծուլորեն հետևեց մեզ։ Նա ճանաչում էր Դիմաց անտառի գող ուրուրին, Դիմաց անտառի գող ուրուրը ճանաչում էր նրան։ Նրանք վաղուցվա ծանոթներ էին։ Դիմաց անտառի գող ուրուրը չէր ճախրում բազեի պես բաց ու բարձր, նա մեր հավերին մոտենում էր թփից թուփ և ծառից ծառ անցնելով, գրեթե սողալով։ Շունը դարձյալ կանգ առավ։ Ես տեսա գորշ ուրուրի գողունի թռիչքը թփուտից թփուտ, բայց մտածեցի, որ շանը տանում եմ նույնքան կարևոր գործի, ինչքան կարևոր է հավերի հսկողությունը, և սուլոցով կանչեցի շանը։ Նա մեր ետևից գալիս էր ակամա, ապա, երբ գյուղից դուրս էինք եկել, և մոռացել էր ուրուրի մասին, ուրախ վնգստոցով առաջ սլացավ ու գնաց։ Նա կարոտել էր անտառին, խոզերին, վազքին, հոգնածությանը։
Տանը իմ գրասեղանն էր, լուսամփոփի ջերմ ու շոյող լույսը, իմ փոքրիկ գրադարանը, ռադիոյի մեղմ երգը և, իմ թախտին, ուղտի բրդից գործած հաստ շալը՝ ցերեկային նիրհի համար։ Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։ Ես բացել էի գիրքը և գնում էի գրքին նայելով, իբր թե չեմ կարողանում կտրվել գրքից և ետ եմ մնում կարդալու պատճառով։
Կույր աղբյուրի մոտ, որտեղ ճամփաբաժանն էր, շունը կանգնել էր և սպասում էր մեզ։ Աղբյուրը Կույր էր կոչվում, որովհետև իր խորքերից նա մանրահատիկ ավազ էր հանում, ավազը փակում էր նրա ակը։ Աղբյուրը դարձյալ լցվել էր մանրահատիկ ավազով ու տիղմով, փակ ակունքի ետևում, գետնի տակ աղբյուրը գուցե խեղդվում էր։
Իմ հորեղբայրը նայում էր արդեն ճահիճ դարձող աղբյուրին։ Հանդի իր պայուսակից նա հանեց հանդի իր ուտելիքը, խաշած հավը կիսեց, փաթաթեց լավաշ հացի մեջ, այդ փաթեթը փաթաթեց թերթով և դրեց իմ թևի տակ։ Եվ գլխով ցույց տվեց Պարզ բացատի կածանը։
—  Ուզում եմ ջուր խմեմ,— ասացի ես։
— Պարզ բացատի աղբյուրից կխմես,— ասաց նա,— մեծ կաղնու տակ է, գնացեք։
Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան։ Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի։ Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր։ Այդ խշխշոցն էր, երբ վազում էի՝ իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր։ Խաշամը հասնում էր ծնկներիս։ Երբ կանգ էի առնում՝ լուռ լռություն էր, այդ լռության ու լույսի մեջ հազիվ լսելի սվսվալով օրորվում էին թափվող տերևները։ Սև մոշահավը կչկչոցով թռավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր։ Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը։
Ես ետ նայեցի։ Իմ հորեղբայրը ծնկել էր աղբյուրի մոտ և ինչ-որ բան էր անում։ Մի քիչ էլ խորանալով անտառի մեջ՝ ես դարձյալ ետ նայեցի։ Ինձ թվաց, թե հորեղբայրն արդեն գնացել է, բայց չէր գնացել, դեռ կռացած էր աղբյուրի վրա և դժվար էր նկատվում, քանի որ հողագույն էին և՛ ճանապարհը, և՛ նրա հագուստը։ Ես նստեցի ծառի ետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիրքը։ Գիրքը, սակայն, ես չէի կարդում, գրքի վրա կռացած՝ ես սպասում էի, թե իմ հորեղբայրը երբ է հեռանալու վերադարձի ճանապարհից։ Նա հիմա նստել էր աղբյուրի մոտ, ծխում էր և, ինչպես ինձ էր թվում, նայում էր անտառի մեջ ինձ։ «Օրինակ՝ ինչո՞ւ ես էդպես պարապ  նստել,— մտածեցի ես,— խոզ գտնելը ձեր գործն է, գիրք կարդալը՝ իմ. ես ահա կարդում եմ իմ գիրքր, իսկ դուք պարապ նստել եք»։ Եվ որպեսզի ինքս ինձ ավելի խաբեմ, ես ականջներս փակեցի մատներով ու նայեցի միայն գրքին։ Իբր թե կարդում եմ, իբր թե միայն կարդում եմ։
Հեռավոր թույլ խշխշոց էր լսվում։ Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ։ Բայց ես չհասցրի վախենալ, որովհետև նույն պահին էլ տեսա մեր շանը։ Նա թափով կպավ ինձ, ցատկեց, նորից ցատկեց, վնգստաց ու կանչեց դեպի Պարզ բացատ։ Որպեսզի նա նորից չկլանչի ու խշխշացնի, ես իմ հացի կեսը տվեցի նրան, և նա ծառի ետևը ինձ մոտ նստեց ու սպասեց, թե էլ ինչ եմ տալու։
Հավի սպիտակ թել-թել մսերը ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Վզի կաշին ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի։ Հավի չտեսնված համով ոտը ես կերա, ոսկորը տվեցի շանը։

— էս էլ քեզ,— ասացի։
Աղբյուրի մոտ հիմա մարդ չկար։ Ես կածանով իջա դետի ճանապարհ։

 — Գնացինք,— ասացի ես շանը։

 Նա նայում էր ինձ և տեղից չէր ելնում, նա չէր հավատում, որ արդեն ետ ենք դառնում։
— Քո գործն է,— ասացի ես,— եթե ուզում ես մնալ՝ մնա։
Ես իջա ճանապարհ՝ աղբյուրի մոտ։ Աղբյուրի ավազանում հիմա ցեխ ու տիղմ չկար, նրա ակը հիմա կույր չէր։ Աղբյուրը հիմա բխում էր առատ ու ազատ, վարարությունից ուղղակի պարում էր։ Նրա քարե կապույտ ավազանը լիքն ու պարզ էր։ Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, ես ինձնից մի քիչ ամաչեցի, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու։ Ես չհասցրի հասկանալ, որ այդ աղբյուրին ես արժանի չեմ՝ երբ արդեն ջուր էի խմում… Որ այդ աղբյուրը, որ հավի այդ միսը, որ այդ շունը, որ անտառի այդ խշշոցը, որ այդ հայրիկը, որ այդ մայրիկը, որ այդ բոլորը շատ լավն են, իսկ ես շատ վատը՝ դրա մասին ես չէի մտածում, ես կում առ կում խմում էի այդ ջինջ ջուրը։ Ես ամենևին չէի մտածում, որ այդ աղբյուրը իմը չէ, ինձ չի պատկանում։ Ես մի կուշտ խմեցի և գոհ էի։
Անտառից ես խոտոց լսեցի, դա կարծես թե խոզի ձայն էր, ես մի քիչ դարձյալ ամաչեցի, բայց շարունակեցի գնալ դեպի տուն՝ դեպի իմ թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։
Երբ գյուղին բավական մոտեցել էի, տեսա, որ շունը դանդաղ գալիս է իմ ետևից։
—  Չէիր ուզում՝ չգայիր,— ասացի ես շանը,— քեզ ո՞վ ստիպեց, քեզ ոչ ոք էլ չստիպեց։
Ուրուրը հավ գողացել էր թե չէր գողացել՝ ես չիմացա։ «Հավերի հարցը մայրիկին է վերաբերում, թող մայրիկն էլ ստուգի՝ ուրուրը հավ թռցրել է թե չի թռցրել,— մտածեցի ես։— Աշխարհագրության իմ դասը գիտեմ, պատմության իմ դասը գիտեմ, մաթեմատիկայի իմ խնդիրը…»
Հայրիկը նստել էր թախտի եզրին և ժպտում ու տնքում էր։ Նրա մեջքն, ուրեմն, նորից ցավում էր։ Բայց թե ինչու էր ժպտում՝ ես չէի կարողանում հասկանալ։
— էդ ռադիոն էդ ի՞նչ է երգում,-  հարցրեց նա։
— Կոմիտաս։
— Ինքը գրե՞լ է, թե ինքը երգում է։
— Ինքը գրել է, ինքը կոմպոզիտոր է։
Նա ժպտում էր, ապա ասաց.
— Ապրես, որ պատմությունն էդքան լավ ես սովորում։
— Ո՞վ ասաց։
— Ուսուցիչները եկել, ինձ օգնում էին։ Վաղվա դասերդ գիտե՞ս։
— Գիտեմ։
— Շնորհակալություն,— ասաց նա։— էդ ոչինչ, որ խոզերը չես գտել, ես հիմա կգնամ կբերեմ։
— Հիմա մութ է,— ասացի ես։
— Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնց էլ վնասի։
Նա ամեն վայրկյան ուզում էր թախտից ելնել և չէր ելնում։ Նա չէր ուզում թիկնել, բայց, ի վերջո թիկնեց։
—  Որ պառկում եմ՝ չի  ցավում,— ասաց  նա։— Միայն Պա՞րզ բացատը նայեցիր, թե ուրիշ տեղեր էլ փնտրեցիր։
— Պարզ բացատը նայել եմ,— ասացի ես։
— Ուրեմն, էլ Պարզ բացատ չեմ գնա,— ասաց նա,— ափսոս, ես հույս ունեի, թե էնտեղ կլինեն։
— Չգիտեմ,— ասացի ես,— կածանը խաշամով ծածկված էր, իմ նայածը չգիտեմ Պա՞րզ բացատն էր, թե մի ուրիշ բացատ:
—  Բացատի եզրին մի մեծ կաղնի՞ կար։
— Մի մեծ կաղնի կար, կաղնու տակ մի աղբյուր կար,— ասացի ես։
Ցավից ծամածռվելով նա ելավ միանգամից և փնտրեց գլխարկը։ Նա այնքան էր հոգնած, որ չէր հասկանում, որ գլխարկը ձեռքին է։
— Ափսոս, որ Պարզ բացատում չեն եղել,— ասաց նա,— ուրեմն հեռացել, հասել են խոր բացատ։
— Քո մեջքը ցավում է,- ասացի ես։
Նա ծաղրեց իր ցավը.
— Որ մթան մեջ աչքդ լարում ես՝ ցավը մոռացվում է։
— Ես քեզ հետ գալիս եմ,— ասացի ես։ 
Նա ինձ շոյեց.
— Դու էսօր շատ ես ման եկել, հաց կեր, մի քիչ հանգստացիր ու քնիր։
Երբ նա թաղվում էր մթան մեջ, ես բարձր ասացի.
— Ես էլ եմ գալիս։
— Ո՛չ,— կտրուկ ասաց նա,— դու գիրքդ կարդա։
Մթան մեջ՝ հաչոցով ու փափուկ թափով մի բան անցավ. շունն էր, գնում էր իմ հայրիկի հետ փնտրելու, հեռու անհայտություններում գտնելու, բերելու մեր խոզերը, որոնց միսը ամբողջ ձմեռ ես պետք է ուտեի, որոնց գնով ես պետք է հագնեի տաք վերարկու, ունենայի դահուկներ, դահուկային կոշիկներ, փափուկ վզնոց, ականջակալ գլխարկ…
Մայրիկը ընթրիքի սեղան էր փռում։ Ռադիոն կամացուկ երգում էր։ Գրասեղանին շոյիչ կաթնալույս էր մաղում լուսամփոփը։ Սպիտակ սփռոցին մարմրում էր լավ թխած սպիտակ հացը։ Հացի կողքին՝ կարմիր տապակած կարտոֆիլը։ Կարճ բոցերով վառվում էր օջախի փայտը։ Թեյամանը մեղմ չխկչխկում էր։ Եվ թեյի արծաթե գդա՛լն էր շատ գեղեցիկ, և ընկույզի դարչնագույն մուրաբա՛ն, որ փայլփլում էր կաթնալույսի մեջ, և գիշե՛րն էր թավ ու տաք, և տխո՛ւր էր միայնակ ծղրիդի ընդհատ երգը, որ լսվում էր երբեմն սեղանի մոտից, երբեմն՝ օջախի, երբեմն՝ իմ թախտի։ Այդ բոլորը տխուր ու գեղեցիկ էին և ստեղծված էին ինձ համար, բայց ես արժանի չէի դրանք ուտելու, դրանք զգալու, դրանց նայելու, դրանք լսելու։
— Ես հաց չեմ ուտում,— ասացի ես, մտա անկողին և շուռ եկա դեպի պատը։ Եվ բրդի ու փետուրի փափկությո՛ւնն էր ափսոս, և անկողնի ճերմակ մաքրությո՛ւնը։ Մայրս մոտենում էր, ես աչքերս փակեցի։ Նա ծածկեց իմ մեջքը և մրմնջաց.
— Երեխաս էսօր շատ է չարչարվել։

Հեղինակ՝Հրանտ Մաթևոսյան

1. Բացատրի՛ր . ինչպե՞ս ես հասկանում: 

 Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։

Ես հասկանում եմ այս նախադասությամբ, որ տղան շատ լավ գիտեր ինչ մեխ սխալ է նա արել, բայց միևնույն է շարունակում էր ալարել և որպեսզի դա ցույց չտա ձևացնում էր իբր գրքի պատճառով չէր ուզում գնալ խոզերին փնտրելու:

2. Բացատրի՛ր վերնագիրը: 

Վերնագիրը դրված է Հացը, որովհետև հացը դա փոխաբերական իմաստով ապրուստն է, իսկ ստեղխագորխության մեջ նշվում է, որ ընտանիքի անդամները բոլորը աշխատում են ապրուստ վաստակելու համար:

3. Բնութագրի՛ր տղային՝ մեջբերելով համապատասխան հատվածներ պատմվածքից: 

Տղան եսասեր էր, ալարկոտ, փորձում էր ամեն ինչում լավը լինել, մտածում էր իր մասին և այլն:

4. Բացատրի՛ր բառերը՝ քիվ, ակ, գողունի, կլանչոց, կածան, խաշամ, տիղմ:

քիվ-հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից կամ պատուհանների ու դռների վերևից

ակ-աղբյուր

գողունի-թաքուն

կլանչոց-հաչոց

կածան-արահետ

խաշամ-ծառերից թափված աշնան տերևներ

տիղմ-նստվածք ջրերի հատակին

5. Ինչո՞ւ էր հոր համար կարևոր, որ տղան գիրք կարդա և լավ սովորի: 

Հոր համար դա կարևոր էր, որովհետև նա ուզում էր, որ տղան կիրթ լինի և դառնա գիտնական:

Posted in Գրականություն

Կորսված օրեր

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրածդուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու հմար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Advertisement
Հեղինակ՝Դինո Բուցատի

Վերլուծություն

Ստեղծագործության ասելիքն այն է, որ կյանքիդ ամեն վարյկանը պետք է վայելես, ճիշտ օգտագործես, որ հետո չփոշմանես: Արդեն չափազանց ուշ կլինի այդ օրերը վերադարձնել և այդ օրերի սխալները ուղղել:

Սխալներից պետք է դասեր քաղել…

Posted in Գրականություն, Uncategorized

Աբրահամ Լինկոլնի նամակն իր տղայի ուսուցչին

Կարդա՛ Աբրահամ Լինկոլնի նամակն իր տղայի ուսուցչին:

Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ: Նա ԱՄՆ առաջին և միևնույն ժամանակ ամենաինտելեկտուալ ու ամենաբարձրահասակ նախագահն է եղել ։ Նախագահի հասակը եղել է 193 սանտիմետր։

Ներկայացրեք ձեր մտորումները՝ Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը: / 10 նախադասություն և ավել/:
Իմ կարծիքով ուսուչիցը պետք է սովերացնի տառերը, թե ոնց գրել, կարդալ, հաշվել, բայց միայն դա չէ, որ պետք է ուսուցիչը սովորեցնի մեզ, այլ բառապաշարը լավացնել, կամ հասկանալ մարդուն, մտածել` ինչպես հասուն մարդ կամ ընտրել իր մասնագտտությունը, օգնել մարդկանց։

Ուսուչիցը պետք է հանձնարարի կարդալ շատ պատմություններ, հեքիաթներ, բանաստեղծություններ, որ մենք կարողանանք ավելի գրագետ կազմել մեր նախադասությունները, նա նաև պետք է սովորացնի ձևավորել ու ունենալ մեր անձնական կարծիքը։

Ուսուցիչը պետք է աշակերտներին սովորեցնի գտնել իրենց անհրաժեշտ գիտելիքները, մեթոդաբանություն, թե ինչպես այդ գիտելիքները հասկանան ու կիրառեն իրենց կյանքում, ինչպես այդ գիտելիքները ծառայեցնել ի բարօրություն իրենց, իրենց ընտանիքի ու հայրենիքի։

Posted in Գրականություն

Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը

Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:
Աղբյուր՝  Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»
Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ., էջ 73-74

Առաջադրանքներ

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը՝ բառարանի օգնությամբ մեկնաբանելով։
Գրաստ-բեռնակիր

2. Համառոտ ներկայացրո՛ւ Սեբաստացու ընթերցանության ոճը, ձևը։ 
Նա շատ էր կլանված ընթերցանությամբ, դրանից նրան ոչինչը և ոչմեկը չէր շեղի, նա կարդում էր ոճով և կարգով՝ ոչ իր հասակակիցների նման:

Posted in Գրականություն

Պարտուսի գերին

Կարդա՛ Սիրադեղյանի ,,Պարտուսի գերին,, պատմվածքը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Անհասկանալի բառեր չկան։

Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։
Իմ կարծիքով ստեղծագործության ասելիքը այն էր, որ ոչ միշտ են քո շրջապատի մարդիկ գնահատում քո լավ կատարած աշխատանքը:

Posted in Գրականություն

Իսկ դու գիտե՞ս՝ ինչ ես ուզում

Աստված իրականացնում է ձեր բոլոր երազանքները: Այն ամենը, ինչ դու ստանում ես՝ քո սեփական ցանկություններն են: Չարժե որևէ մեկին որևէ բանի մեջ մեղադրել. դու ստացել ես այն, ինչ որ ուզել ես:

Եվ հիշե՛ք՝ աշխարհում ամենավտագավոր բաներից մեկը հետևյալն է. ինչ կամենում ես, այն էլ ստանում ես:

Մտածե՛ք՝  նախքան ինչ-որ բան ուզելը: Ամենայն հավանականությամբ, ձեր ցանկությունը կիրականանա, իսկ դուք կտառապեք:

Ահա, թե ինչ է պատահում հարուստ մեկի հետ: Նա աղքատ է, ու հարստություն է ուզում, այն իրականություն է դառնում: Հիմա էլ նա դժբախտ է, բողոքում է, լաց է լինում ու ասում. «Իմ ամբողջ կյանքն անցավ անիմաստ բաներ կուտակելու վրա: Ես դժբախտ եմ»: Բայց դա ի՛ր ցանկությունն էր:

Եթե ձեր ուզածը գիտելիք է, դա էլ իրականություն կդառնա. ձեր գլուխը կվերածվի բազմաթիվ գրվածքներով լեցուն մի մեծ գրադարանի: Իսկ, հետո դուք լաց կլինեք, կդժգոհեք ու կաղմկեք. «Միայն բառեր, ամենը բառեր ու բառեր, ոչ ու փուչ բառեր: Եվ ես սրա վրա ծախսեցի իմ ամբողջ կյանքը»:

Թող ձեր երազանքները լինեն գիտակցված, չէ՞ որ բոլոր երազանքները վաղ, թե ուշ կատարվում են: Երբեմն երազանքները կատարվում են ոչ միանգամից, դրանց կատարման հերթը ձգվում է բավականաչափ երկար, դե՛, որովհետև հո միայն դո՞ւք չեք: Այնպես որ, շատ հաճախ կարիք է լինում սպասել:

Երբեմն էլ երազանքները իրականանում են միայն հաջորդ կյանքում, բայց, մեկ է, ցանկացած երազանք, ի վերջո, կատարվում է: Սա շատ վտանգավոր օրենք է:

Այնպես որ, նախքան ինչ-որ բան կամենալը, մտածե՛ք:

Նախքան ինչ-որ բան խնդրելը, մտածե՛ք:

Եվ հիշե՛ք՝  ցանկացած երազանք անպայման իրականանում է, բայց արդյո՞ք դրա դիմաց դուք ստիպված չեք լինի չափից ավել թանկ վճարել:

Հեղինակ՝ Օշո
Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Վերլուծություն
Եթե դու ինչ որ բան ես ուզում հիշիր որ պետք է մտածել նոր ուզել, որովհետև ամեն մի ցանկություն և երազանք վաղ թե ուշ իրականանում է, դրա համար վատ և անպետքական բաներ մի ուզիր, այլապես հետո զղջալու ես դրա համար:

Posted in Գրականություն, Uncategorized

Սիրադեղյան ,, Բուքը, երգը, երեխան,,  


Սիրադեղյանի ,, Բուքը, երգը, երեխան,, ստեղծագործությունը։ 

Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։ 
Այս ստեղծագործությունը անմարդկայնության մասին էր: Երբ մի երեխա մրսելով հասնում է դպրոց, իսկ նրան ներս չեն թողնում այն պատճառով, որ դեռ շուտ է՝ և չի կարելի: Երեխան շատ է մրսում և սկսում է երգել, գալիս է մեկը և ջղայնանում նրա վրա:
Սա խոսում է անմարդկայնությունից: Չպետք է լինել անմարդկային, երբ տեսնում ես մեկին անօգնական, պետք է օգնել: Ինչ-որ պահի պետք է դեմ գնաս նաև ինչ-որ սկզբունքների:

Posted in Գրականություն

Կոմիտասի հոդվածներից

«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:

Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:

Սիրուն մանկիկ, պայծառ մանկիկ, սիրէ բնութիւնը…

Կոմիտաս Վարդապետ

1911 10/Զ

Աղեքսանդրիա»:

Առաջադրանքներ

Մեկնաբանել Կոմիտասի խրատները

Կոմիտասը ուզում է ասել որ մարդիկ պետք է միշտ սովորեն լավը: Նրանք պետք է լավը սովորեն բնությունից, գիտություններից, արվեստից և այլն:

Առանձնացրեք այն խրատը, որ ,կարծում եք, ձեզ օգտակար եղավ:

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ:

Posted in Գրականություն

Կոմիտասի գերազանց լսողությունը

1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը  փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու:

Հանկարծ ներս մտավ դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը՝ Կոմիտասին ներկայացնելով իր դասարանի ձայնեղ աշակերտուհուն: Կոմիտասը աշակերտուհու հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ սրամտորեն ուսուցչուհուն ասաց. «Ուսուցչուհի և աշակերտուհի, նույն տեսակի ձայն ունենալու համար, երկուսիդ էլ գրանցում եմ սոպրանոների խմբի մեջ»:

Մի օր, երբ հորս հետ Ղալաթիոյի ազգային մատենադարան էինք գնացել, այնտեղ էր նաև Կոմիտասը՝ շրջապատված մի խումբ ուսանողներով, որոնց ձայներն էր փորձում: Իր յուրահատուկ ժպիտով կանգնած, Կոմիտասը, նրանց առանձին հարցումներ անելով, որոշում էր ձայների տեսակը և ծոցատետրում գրանցում անունները: Նրանք, ովքեր իր երգած մի նոտան հաջողությամբ կարողացան վերարտադրել, արդեն, «պիտանի անդամ» էին համարվում: Նրանց անունները, որոնք իր երգած փոքրիկ երգային նախադասությունը դյուրությամբ ըմբռնցին, «հույժ քաջալավ» անդամների բաժնում ընդգրկեց: Մի քանի ուսանողներ, երբ պնդեցին, թե ձայն չունեն, Կոմիտասը սրամտորեն կատակաբանություններով նրանց  բարձրաձայն քրքիջների մատնեց, և որակեց՝ «ճշմարիտ երգիչներ»:

Մեծ էր ներկաների զարմանքը, երբ մի օր Կենտրոնականի գավառացի ուսանողների ձայները փորձելու ժամանակ, որևէ նոտայի կրկնությունից հետո, Կոմիտասը հասկանում էր նրանց, թե Տաճկահայաստանի ո՛ր գավառից էին: Ավելի մեծ եղավ զարմանքը, երբ տեսանք, որ յուրաքանչյուր գավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով՝ պահելով այդ բարբառների առանձնահատուկ առոգանությունն ու ոճը:

Այդ օրը Կոմիտասը մի մշեցի էր, այնքան հարազատ, որքան մի բիթլիսցի, մի վանեցի, մի սասունցի և ուրիշ գավառացի: Այդ օրը երկու ժամվա մեջ Կոմիտասը իր երգչախմբի համար 40 անդամ ընտրեց, որոնց ձայների տեսակները հետագայում ոչ մի փոփոխություն չկրեցին:

Posted in Գրականություն

Փշուր մը 

Փշուր մը 

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։

Ելավ շինական 

Ելավ շինական՝ ցանեց առավ
Բուռը լի ցորեն.
Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն։

Այն ի՞նչ ամպ էր 

Այն ի՞նչ ամպ էր՝ աղոտ-աղոտ ծռվեցավ,
Ու թուխ պատեց կապուտեց․
Այն սև ամպ էր՝ մաղոտ-մաղոտ ցրվեցավ,
Ու պուխ կապեց պատուտեց

Անմար սեր 

Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ։

Կյանք

Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․
Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։

Ըստ այս բանաստեղծությունների՝ գրի՛ր Կոմիտասի գրելաոճի մասին: Ի՞նչ առանձնահատկություններ ունեն Կոմիտասի ստեղծագործությունները:  (Ամենաքիչը վեցը նախադասություն):

Նրա բոլոր ստեղծագործություններում կա ամենաքիչը 2 նախադասություն որտեղ բառերի վերջավորությունները նման են: Նա ընտրում է այնպիսի բառեր որոնք մենք առօրյաում չենք օգտագործում կամ օգտագործում ենք շատ քիչ: Նա գրում է բնության մասին, բայց այդ բնությունով պատմում է կյանքի մասին: Նա բնությունը կապում է մարդկանց հետ:

,,Կոմիտասյան օրեր,, նախագծի ամփոփում։

Պատասխանի՛ր հարցերին

  • Կոմիտասի բանաստեղծություններից ամենասիրելին ճանապարհն է։
  • Կոմիտասի բանստեղծությունները բնության, կյանքի, զգացմունքների մասին են։
  • Կոմիտասի  բանաստեղծությունները փոխանցում են լիքը տարբեր տրամադրություններ։