Posted in Մայրենի 6, Uncategorized

Երազանքի ճանապար

Այն պահից սկսած, երբ մարդն սկսում է գիտակցել, նա սկսում է նաև երազել։ Երբ փոքր ենք լինում, երազում ենք հեծանիվ ունենալ, կամ գուցե փորձել այն համեղ պաղպաղակից, որն այն տարեց մարդն է վաճառում փողոցի խաչմերուկում, կամ գուցե երազում ենք շուն կամ կատու ունենալու մասին, երազում ենք շուտ մեծանալ, երազում ենք ամեն տեսակ հավանական ու անհավանական բաներ…
Մեծանալով հետզհետե փոխվում են մեր երազանքները, սկսում ենք նոր բաներ երազել, ու կրկին նրանց մի մասն հասանելի է թվում, մյուսներն` անիրական։ Բայց մենք չենք դադարում երազել։ Երազում ենք այնքան, մինչև որ իրականանա այդ երազանքը։ Այն դարձնում ենք նպատակ, անում ենք ամեն ինչ, նրան հասնելու համար, անվերջ ձգվում ենք դեպի այն: Հասնում ենք… իսկ հետո՞։ Հետո չկա, հասնում ենք ու վերջ։ Այն կորցնում է իր նշանակությունը, կարևորությունը։ Երազանքը կատարված է, երջանկությունը տևում է մի ակնթարթ և վերջ, մենք գնում ենք մի նոր երազանքի հետևից, որովհետև… իրական երջանկությունը ոչ թե երազանքի կատարվելու պահի մեջ է, այլ հենց նրան հասնելու ճանապարհի, երջանկությունը ամեն քայլի մեջ, որ տանում է դեպի երազանք, երազանքի ճանապարհին եղած ամեն մի դժվարություն հաղթահարելու մեջ է ու ամենակարևորը այդ ճանապարհին եղած ամեն մի մանրուք նկատելն է, ամեն մի պահը գնահատելն ու ամեն մի վայրկյանով ապրելն է։ Չէ՞ որ, կյանքը չափազանց կարճ է, այն բաղկացած է տասնավոր, հարյուրավոր, հազարավոր ճանապարհներից, որոնք դեպի ամենատարբեր երազանքներ են տանում` իրականացնելով մեկը, դու փոխում ես ճանապարհդ ու գնում ես հաջորդ երազանքի հետևից ու այդպես մինչև կյանքի վերջ։

Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, կյանքում այնքան մանրուքներ կան, որոնք կարող են մեր դեմքին ժպիտ պարգևել, սրտին` երջանկություն, իսկ մենք դրանք չենք նկատում, այլ անընդհատ շտապում ենք, շտապում ենք չգիտեմ ուր, ճանապարհին ոչինչ չնկատելով ու վստահ ենք, որ հասնելու ենք նրան, ինչի համար լույս աշխարհ ենք եկել…
Բայց ո՞րն է մեր իրական կոչումը, ինչի համար մենք ծնվել ենք։ Գուցե մենք լույս աշխարհ ենք եկել երկնքին նայելու կամ ուղղակի քայլելու համար, երաժշտություն նվագելու/լսելու կամ ծովում լողանալու համար… Ինչ-որ մեկն կասի դա կոչում չէ, այլ սովորական կյանք, բայց իրականում հենց այդ սովորական կյանքի մեջ է երջանկությունը, ոչ միայն վերջնակետի, այլ նաև ընթացքի մեջ է, ամեն մի քայլի մեջ։
Երազնքներն իրականանում են, նպատակներին հնարավոր է հասնել, ու թե այս երկուսից որ մեկին եք հավատում, դա իրականում այնքան էլ էական չէ, որովհետև հնարավոր է անվերջ երազել կամ էլ նույնպես անվերջ շարժվել դեպի նպատակ, բայց ոչ ապրել: Ապրել նշանակում է պահի մեջ զգացողություններ բռնել, լինել այստեղ և հիմա: Չհետաձգել կյանքը մինչև վաղը, ապա հաջորդ երկուշաբթի և այդպես շարունակ: Ապրել պետք է այսօր: Վաղը կարող է ընդհանրապես չգալ:

Հ.Գ. Ասում են, մուլտֆիլմերը միայն երեխաների համար են… ես համաձայն չեմ, այսօր ինձ այդ երեխաների համար նախատեսված մուլտֆիլմը մտածելու տեղիք տվեց ու բացահայտեց այն, ինչ վերևում գրել եմ։ Մի պահ ուղեղս լուսավորվեց ու ես հասկացա… աչքիս առաջ եկավ բոլոր այն պահերը, երբ կատարվել են երազանքներս, հիշեցի երջանկությունս, որ տևում էր մի քանի րոպե, ժամ, օր, իսկ հետո ես նոր երազանք էի պահում ու շարժվում առաջ։ Հիշեցի նաև այն բոլոր ճանապարհները, որոնք անցել եմ այդ երազանքներն իրականացնելու համար` իր բոլոր մանրուքներով։ Ու հասկացա` հիմա էլ ինչ-որ անում եմ, անում եմ ևս մեկ երազանքի/նպատակի հասնելու համար ու նրա ընթացքը հաճելի է, հաճելի է ամեն մի զգացողությունը, որ զգում եմ այդ ճանապարհին, ամեն դժվարություն, որ հաղթահարում եմ, ամեն մի քայլը, որ մոտեցնում է ինձ երազանքիս։ Հաճելի է հասնել երազանքին, բայց առավել հաճելի է նրան հասնելու ճանապարհը։
Երազեք, նպատակ դրեք ձեր առաջ, գնահատեք ամեն մի քայլը, որ երազանք/նպատակ է տանում, ուշադրություն դարձրեք բոլոր մանրուքներին, որ հանդիպում են կյանքի ամենասովորական օրերի մեջ, ժպտացեք ու գտեք ձեր երջանկությունը մանրուքների մեջ։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն