Posted in Կենսաբանություն

Սողուններ

Սողունները ցամաքը գրաված առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Սողունները ցամաքային կենսապայմաններին լավագույնս հարմարվել են պատմական զարգացման ընթացքում: Ի տարբերություն երկկենցաղների՝ նրանք հիմնական կախում չունեն ջրից: Նրանք առաջացել են հնագույն երկկենցաղներից՝ ստեգոցեֆալներից: Մինչև 1 մ երկարություն ունեցող, ճահճային կենսակերպով բրածո կենդանի սեյմուրիան կարող է համարվել հնադարյան սողունների նախահայրը: Վերջինս էլ սկիզբ է տվել սողունների մյուս բոլոր հայտնի և անհետացած կամ ներկայումս գոյատևող խմբերին: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են միայն թոքերով:

Հետևաբար նրանց մաշկը չոր է, չի մասնակցում շնչառությանը, պատված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով: Եղջերային ծածկույթը կատարում է պաշտպանական գործառույթ և ապահովում ջրի խնայողությունը՝ նման միջատների արտաքին խիտինային ծածկույթին: Սողունների մաշկի թեփուկային ծածկույթը չի աճում, խանգարում է աճին, իսկ սողունները նույնպես կատարում են մաշկափոխանակություն:

13.jpg

Սողունները ևս ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան: Սողունների բեղմնավորումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ:

Սողունների բեղմնավորումը ներքին է:

Սողունները դնում են պաշարային սննդանյութերով հարուստ, խիտ թաղանթով պատված, խոշոր ձվեր: Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության:

Սաղմնային հատուկ թաղանթների շնորհիվ սաղմը զարգանում է օդային միջավայրում:

Մոտավորապես 180 մլն տարի առաջ երկրագնդի վրա գերիշխում էին սողունների հնագույն տարատեսակները՝ դինոզավրերը: Նրանց ներկայացուցիչները գրավել էին բոլոր կենսամիջավայրերը՝ ջրային, ցամաքային, օդացամաքային:

14.jpg

Ներկայումս սողունները ապրում են հիմնականում տաք ու չոր կլիմա ունեցող երկրներում, քանի որ նույնպես սառնարյուն կենդանիներ են: Այժմ հարմարված են ցամաքային, կիսաջրային և ծովային կենսամիջավայրերում:

Ողնաշարավորների ենթատիպում սողունները բազմաքանակներից չեն, սակայն ունեն միջավայրային հարմարման բազմազանություն: Այժմ հայտնի է մոտ 7,5 հազար տեսակ:

Սողունների մեջ տարբերում ենք` կրիաներ, կոկորդիլոսներ, օձեր, մողեսներ, անհետացած դինոզավրեր:

23.jpg

Միջավայրի պայմաններին հարմարումը հանգեցրել է նրան, որ սողունները ձեռք են բերել տարածության մեջ տեղաշարժվելու տարատեսակ ձևեր և հարմարանքներ: Դրանք իրենց հերթին փոփոխել են սողունների ինչպես վերջույթների կառուցվածքը, այնպես էլ երբեմն մարմինն ամբողջապես: Այսպես.

Գեկկոնները, որոնք շարժվում են հարթ մակերեսներով, մատների եզրերին ունեն թմբիկաձև ծծիչներ, որոնցով կպչում են պատին:

Քամելեոնները, որոնք ծառաբնակ են, ունեն ճյուղերից բռնվելու աքցանանման մատներ և պոչի օգնությամբ կարող են կախվել ճյուղերից:

Թռչող վիշապիկը, որը բնակվում է Մալայան արշիպելագում, մարմնի կողքերին ունի մաշկի լայն ծալք, որի շնորհիվ ծառից ծառ թռչելիս սավառնում է օդում:

Կրիաները մատների արանքում ունեն լողաթաղանթներ:

Օձերը բացարձակապես զրկված են վերջույթներից և ունեն որդանման, սողացող մարմին:

image-49

Սողունների աչքերն ունեն կոպեր, որոնք ցամաքային միջավայրում խոնավեցնում և պաշտպանում են աչքը: Օձերի և որոշ մողեսների կոպերը միաձուլվել են և դարձել թափանցիկ:

Սողուններին ևս բնորոշ է հովանավորող և նախազգուշացնող գունավորումը:

Առաջինով նրանք ձուլվում են միջավայրին և դառնում աննկատ, իսկ երկրորդով՝ զգուշացնում իրենց վտանգավոր լինելու մասին:

34.jpg

Սողունների տարբեր ներկայացուցիչների մոտ մարմինը ունի խիստ տարբեր կառուցվածքային դրսևորում: Այդ բազմազանությունը պայմանավորված է կմախքի առանձնահատկություններով՝ որպես հարմարման արդյունք:

Այնուհանդերձ սողունների մարմնի ընդհանուր կառուցվածքը դիտարկենք ճարպիկ մողեսի օրինակով:

Մողեսի մարմինը կազմված է միմյանց սահուն հաջորդող գլխից, պարանոցից, իրանից և պոչից:

1. Գլուխ. սահմանազատվում է պարանոցից թմբկաթաղանթներով՝ կրում է տեսողական և լսողական զգայարանները, քթանցքերը, բերանը, գանգատուփում գտնվում է գլխուղեղը:

2. Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և լավ արտահայտված է:

3. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով՝ կրում է ուսագոտին և կոնքագոտին, կրծքավանդակը և հիմնական ներքին օրգանները:

4. Պոչ. բնորոշ է գրեթե բոլոր սողուններին, տարբեր տեսակների մոտ ունի տարբեր նշանակություն:

5. Վերջույթներ. բոլոր սողունները, բացառությամբ օձերի, տեղաշարժվում են առջևի և ետևի վերջույթներով:

36.jpg

Ցամաքային կենսակերպով պայմանավորված՝ սողունների կմախքը բավականին նման է երկկենցաղների կմախքին:

Սողունների կմախքը ունի հետևյալ հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:

I. Գանգ: Կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը և ծնոտները: Օձերի ծնոտները կարող են միմյանցից հեռանալ՝ ամբողջական սնունդ կուլ տալու հետևանքով:

II. Ողնաշար: Ունի 5 բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային:

Պարանոցային ողերը մեկից ավել են և միմյանց հետ շարժուն հոդավորվելով՝ թույլ են տալիս գլուխը ազատ պտտել: Կրծքային և գոտկային ողերը միասին 22-ն են և իրենց վրա կրում են գոտիները: Կրծքային և գոտկային ողերին կիսաշարժուն կերպով միացած են կողերը:

Առաջին 5 զույգ կողերը կրծքային հատվածում միանում են կրծոսկրին և ձևավորում կրծքավանդակ:

23.jpg

III. Գոտիներ

Առջևի գոտի՝ ուսագոտի – կազմված է կենտ կրծոսկրից, զույգ անրակից, զույգ թիակից:

Հենարան է հանդիսանում առջևի վերջույթների համար:

Ետևի գոտի՝ կոնքագոտի – կազմված է միմյանց միացած երեք զույգ մասերից:

Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար:

IV. Վերջույթներ

Բոլոր ողնաշարավորների նման սողուններն ունեն զույգ վերջույթներ՝

  • Առջևի վերջույթներ – կենտ բազուկոսկր, զույգ նախաբազկի ոսկրեր, դաստակ, 5 մատներ:
  • Ետևի վերջույթներ – կենտ ազդոսկր, զույգ սրունքի ոսկրեր, թաթ, 5 մատներ:

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն