Posted in Գրականություն 9

Լրացուցիչ աշխատանք (տանը)


Կարդում ենք Տերյան

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
     
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

1.  Ի՞նչ տրամադրություն է գերիշխում՝ հույս, ցավ, հավատ, վախ, այլ։ 
Գերիշխում է ցավն ու տագնապը, բայց դրանց մեջ կա նաև հավատ և կարոտ։ Բանաստեղծը մտահոգ է իր հայրենիքի ճակատագրով, սակայն շարունակում է սիրել և կանչել նրան։

2.  Ո՞ր նախադասությունը կարող ես համարել հռետորական հարց։ 
«Մի՞թե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի» — սա հռետորական հարց է, որովհետև պատասխան չի պահանջում, այլ արտահայտում է ներքին ցավ։

3.  Բանաստեղծն իրեն վերջին պոետն է համարում․ դա հուսահատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։ 
Սա ավելի շատ պատասխանատվություն է, քան հուսահատություն։ Նա զգում է, որ իր վրա է դրված հայրենիքի ձայնը պահելու պարտքը։

4. Գրի՛ր Նաիրի երկրի պատասխանը պոետին։ 
«Ո՛չ, դու վերջինը չես։ Քանի դեռ իմ լեզուն հնչում է, քանի դեռ իմ լեռներն ու գետերը կան, պոետները չեն լռի։ Դու իմ ցավն ես երգում, բայց նաև իմ հույսը»։

5. Ինչպիսի՞ն է Նաիրին՝ ըստ այս բանաստեղծության։ 
Նաիրին պայծառ է, արքայական լեզու ունեցող, վառ, բայց նաև ցավով պատված հայրենիք։

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1. Ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս գարնան գալուստը։
Ծաղկանց հրեղեն խաղ, ժպտում են անտառ ու ձորակ, նոր կյանք ես վառել, ծաղկել ես, ողջույն քեզ գարուն

2.Ներկայացրո՛ւ բանաստեղծության քնարական հերոսի զգացումները, նաև առանձնացրո՛ւ այդ զգացումները նկարագրող տողերը։
Ուրախություն, վերածնունդ, ազատություն, սեր
«Դուրս ելա տխուր մենության բանտից»
«Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր»
«Ես չեմ կարող իմ ճիչը պահել»

3. Բացատրի՛ր ,,մենության բանտ,, արտահայտությունը։ 
Դա հոգեկան փակված վիճակ է, տխրություն և միայնություն, որից գարունը ազատում է նրան։

4. Դո՛ւրս գրիր մակդիրներ։
քնքշաբույր, հրեղեն, խոսուն-սառնորակ, զվարթ, ոսկեղեն, տխուր

5. Ինչո՞ւ է գարունը հաճախ ներկայացվում  նոր կյանքի և հույսի խորհրդանիշ։
Գարնանը բնությունը վերածնվում է, ծաղիկները բացվում են, կյանքը սկսվում է նորից։ Այդ պատճառով այն խորհրդանշում է նոր սկիզբ և հույս։

6.Քո կարծիքով՝ բանաստեղծությունը ավելի շատ բնությա՞ն, թե՞ մարդու ներաշխարհի մասին է։ Հիմնավորի՛ր։
Ավելի շատ մարդու ներաշխարհի մասին է, որովհետև բնության նկարագրությունը արտացոլում է հերոսի հոգեվիճակը։

7. Կարո՞ղ է բնությունն ազդել մարդու հոգեվիճակի վրա։ 
Այո, բնությունը կարող է փոխել մարդու տրամադրությունը, ներշնչել ուրախություն կամ հանգստություն։

8. Բացատրի՛ր ահասկանալի բառերը։ 
հրեղեն — կրակի նման վառ
զվարթ — ուրախ
սառնորակ — սառը և մաքուր
ոսկեղեն — ոսկու նման փայլուն

9. Բանաստեղծության  վերջին տողը փոխի՛ր՝ ոճը պահելով։ 
Ողջո՛ւյն քեզ, լույս արև, ողջո՛ւյն քեզ, նոր գարուն։

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

1. Բացատրի՛ր բառերը՝ մեղմալույս, անուրջ, անեղծ, փարոս։
մեղմալույս — թույլ, փափուկ լույս
անուրջ — երազ
անեղծ — մաքուր, չխաթարված
փարոս — լույս տվող նշան, որը ցույց է տալիս ճանապարհը

2. Ի՞նչ հոգեվիճակ է արտահայտում ,,իմ խաղաղ երեկոն է,, արտահայտությունը։
Արտահայտում է հանգիստ, թեթև տխուր, մտածող հոգեվիճակ։

3. Ըստ քեզ ՝ ո՞ւմ է դիմում հեղինակը։
Սիրած անձին կամ մաքուր սիրո հիշատակին։

4. Մեկնաբանի՛ր այս քառատողը՝ 

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

Բանաստեղծը գիտի, որ կյանքում լինելու են դժվարություններ, տանջանք և ցավ։ Սակայն սիրելիի անունը նրա համար կլինի լույս և ուժ, որը կօգնի հաղթահարել կյանքի դժվարությունները։

5. 4-5 նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը, ասելիքը։ 

Բանաստեղծությունը սիրո և հիշողության մասին է։ Հեղինակը հիշում է իր առաջին մաքուր սերը և խոստանում է այն պահել իր սրտում։ Թեև կյանքում կլինեն դժվարություններ, այդ հիշողությունը կդառնա նրա ուժն ու փարոսը։

Ընթերցել 

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն